ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Վերջին 2 տարում Հայաստանի քաղաքական մթնոլորտը առողջ է և գնալով առողջանում է։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Հիվանդագին դրսևորում չեմ տեսնում, ընդհակառակը` տեղի ունեցող պրոցեսները, կարծում եմ, տանում են երկրի քաղաքական մթնոլորտի, կուսակցությունների առողջացմանը, մարդ–կուսակցությունների աստիճանաբար վերացմանը և այլն»,– ասաց Թորոսյանը։
Հրաժարականները ևս առողջապահության նախարարը դիտարկում է քաղաքական դաշտի առողջացման համատեքստում` նշելով, որ հետհեղափոխական շրջանում հրաժարականներն ավելի շատ պետք է լինեն։
«Եթե ժամանակին կարող էինք տեսնել հրաժարականներ, որոնց մասին ընդհանրապես չէր խոսվում, հիմա աստիճանաբար սկսում են խոսել, վերլուծություններ են արվում, այդ թվում` հենց քաղաքական գործիչների կողմից։ Կարծիքներ են հայտնվում, և ոչ թե պարզապես լուռ հետևում են պրոցեսներին»,– ասաց Թորոսյանը։
Ինչ են Հայաստանին տալիս Արմեն Սարգսյանի արտասահմանյան ուղևորությունները. տեսանյութ
Պատասխանելով իր հրաժարականի մասին հարցին, Թորոսյանը նշեց, որ վարչապետի` նման պահանջի դեպքում մի վայրկյան իսկ չի մտածի, քանի որ խոսքը քաղաքական պատասխանատվության մասին է։
«Եթե մի օր պարզվի, որ մենք թուլանում ենք ստանձնած դրական փոփոխությունները մեր երկիր բերելու հարցում, ապա ավելի ճիշտ բան, քան թողնել ուրիշներին դրանով զբաղվել` չկա»,– ասաց նախարարը։
Ոստիկանությունը խոստանում է վերացնել հերթերը. ավտոմեքենաները կհաշվառվեն նոր կարգով
Որպես իր ղեկավարած ոլորտի հիմնական բարեփոխումներ` Թորոսյանը նշեց, որ վերջին երկու տարում Հայաստանում ավելի շատ մարդիկ են սկսել բուժվել պետության հաշվին։