ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Մոսկովյան «Օկտյաբր» կինոթատրոնում կայացել է ռեժիսոր Կարեն Հովհաննիսյանի «Հերոս» ֆիլմի պրեմիերան։
Պրեմիերան անցել է մեծ իրադարձություններին հարիր մթնոլորտում` կարմիր գորգ, կինոաստղեր ու ֆոտոսեսիաներ։ Հատկապես, որ ֆիլմի գլխավոր դերակատարներն են` Ալեքսանդր Պետրովը, Վլադիմիր Մաշկովն ու Սվետլանա Խոչդենկովան։
Ֆիլմի սյուժեն հետևյալն է. Անդրեյ անունով գլխավոր հերոսը ուսում է ստացել հատուկ դպրոցում, որտեղ պատրաստում են արտաքին հետախուզության գործակալների։ 2000–ականների սկզբին նախագիծը փակել են, իսկ գլխավոր հերոսը վաղուց հանգիստ ապրում է եվրոպական քաղաքներից մեկում ու նույնիսկ չի հիշում Ռուսաստանի մասին։ Բայց մի անգամ նա պատասխանում է հեռախոսազանգին ու լսում է հոր ձայնը, որը մահացած էր համարվում։ Հայրը հայտնում է Ադրեյին, որ նրա հետևից ընկած են։
Կարեն Հովհաննիսյան. «Չի կարելի Քրդստանը և Արցախը դնել նույն հարթության վրա»
Ֆիլմը սեպտեմբերի 26-ին է մեծ էկրաններ բարձրանալու։ Քննադատները կանխատեսում են, որ այն լուրջ գումար է հավաքելու։
Ռեժիսոր Կարեն Հովհաննիսյանը մեծացել է Գյումրիում, սովորել` Երևանում, որից հետո Մոսկվա է տեղափոխվել։ Երևանում հեռուստառեժիսուրայի դասընթացներ է անցել։ Մոսկվայում սովորել է Յուրի Գրիմովի արվեստանոցում։ Մասնակցել երաժշտական տեսահոլովակների ստեղծման աշխատանքների: Գեղարվեստական բազմաթիվ ֆիլմեր է նկարահանել, այդ թվում` «Առանց սահմանների», «Նվեր՝ բնավորությամբ», «Ինչի մասին են լռում աղջիկները», «Նրանք խաղում էին հանուն Հայրենիքի», «Մարաթոն», «Մայրերը», «Զոնենտաու», «Հինգ հարսնացու» և այլն։