ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է աշխարհահռչակ հայազգի գիտնական, օվկիանոսագետ Արթուր Չիլինգարովին 80-ամյա հոբելյանի կապակցությամբ` ընդգծելով նրա հսկայական ավանդը Արկտիկայի և Անտարկտիկայի ուսումնասիրության մեջ։ Շնորհավորանքի տեքստը հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում։
«Տաղանդավոր գիտնական, օվկիանոսագետ, առնական և նպատակասլաց մարդ, դուք հսկայական ավանդ եք ունեցել Արկտիկայի և Անտարկտիկայի ուսումնասիրության մեջ։ Ձեր շնորհիվ կարևորագույն բացահայտումներ են կատարվել Համաշխարհային օվկիանոսի յուրացման և օգտագործման ոլորտում», – ասվում է հեռագրում։
Մեդվեդևն ավելացրել է, որ Չիլինգարովի անվան հետ կապված են շատ ձեռքբերումներ և ռեկորդներ` սահմանված արկտիկական և անտարկտիկական տարածություններում։
Վարչապետը նշել է, որ Չիլինգարովի փորձը պահանջված է օրինաստեղծ և կուսակցական աշխատանքում, ռուսական աշխարհագրական հանրությունում, Արկտիկայում և Անտարկտիկայում միջազգային համագործակցության հարցերի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում։
«Ձեր հավատարմությունը երկրի շահերին` օրինակ է ծառայում երիտասարդ սերունդների համար»,–եզրափակել է Մեդվեդևը։
Հայտնի գիտնականը Նիկոլ Փաշինյանին խնդրել է, որ ՀՀ քաղաքացիություն տա դստերը. տեսանյութ
Արթուր Չիլինգարովն ամբողջ կյանքում գիտությամբ է զբաղվել։ Աշխարհում հայտնի է դարձել որպես հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր (2003)։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2003), Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր (2002)։ Խորհրդային Միության հերոս (1985, Անտարկտիդայի մոտ «Միխայիլ Սոմով» սառցահատի փրկարարական արշավախումբը ղեկավարելու համար)։ Ռուսական և միջազգային պարգևներից բացի 2000 թվականին Հայաստանում ստացել է նաև Անանիա Շիրակացու մեդալ, իսկ 2008 թվականին` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան։
Նիկոլայի որդին բիզնեսով է զբաղվում, դուստրը` Քսենյան, հայտնի դիզայներ և հաղորդավար է։