ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Վաղ առավոտից պաշտպանության բանակում մեկնարկել են «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությունները:
Այս մասին տեղեկացնում են Արցախ ՊՆ մամուլի ծառայությունից։
Զորախաղերի այս փուլում պաշտպանության բանակի զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության «ԼՐԻՎ» աստիճանի, սկսվել է բացազատման շրջանների զբաղեցման, հրամանատարական և ղեկավարման կետերի ծավալման ու կահավորման գործընթացները:
Նշենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում այսօր առավոտյան գրել էր. «Բոլորի խաղաղ գիշերը կիսեցինք զորավարժություններով»։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ երեկ` սեպտեմբերի 23–ին, հայտարարություն էր տարածել, որ Հայաստանում լայնածավալ ռազմավարական զորավարժություն է անցկացվելու։Այն կմեկնարկի սեպտեմբերի 24-ին և կկրի «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» անվանումը։ Լայնածավալ ռազմավարական զորավարժությանն ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: