ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայ ժողովրդին շնորհավորեց Անկախության օրվա առթիվ։ Նա այսօր մասնակցում էր Գյումրիում անցկացվող տոնական միջոցառումներին։
«Կցանկանայի շնորհավորել Հայաստանի ժողովրդին տոնի առթիվ։ Այսօր բազմաթիվ լավ խոսքեր հնչեցրին մրցանակաբաշխության մասնակիցները։ Ավելացնելու ոչինչ չկա։ Կցանկանայի միայն մեկ բան ասել, որ Ռուսաստանում մեծ համակրանքով են հետևում այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում», – Sputnik Արմենիային ասաց Կոպիրկինը։
Նրա խոսքով` Ռուսաստանը նաև մեծ կարեկցանքով է վերաբերում այն խնդիրներին, որոնք ծառացած են երկրի առաջ։
«Մենք ելնում ենք նրանից, որ մեր փոխհարաբերություններն այն կարևորագույն գործոններից են, որոնք օգնում են լուծել այդ խնդիրները», – ավելացրեց դիվանագետը։
Կոպիրկինը վստահ է, որ այդպես կլինի նաև հետագայում։
Հայաստանի Անկախության տոնի առթիվ այսօր առաջին անգամ Հայաստանում անցկացվեց «Մեր ժամանակի հերոսը» խորագրով ՀՀ վարչապետի մրցանակաբաշխությունը։
Անկախության օրվան նվիրված հիմնական միջոցառումներն այս տարի կազմակերպվել են Գյումրիում։