ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինից ու Դոնալդ Թրամփից։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ եմ ընդգծում ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք էլ ավելի ամրապնդել երկկողմ կառուցողական համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում, ինչպես նաև ընդլայնել գործընկերային փոխգործակցությունը Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում: Դա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին, համահունչ է կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը»,– նշված է Պուտինի ուղերձում։
ՌԴ նախագահը Փաշինյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարեկեցություն և բարգավաճում»:
Թրամփն էլ շնորհավորել է ամերիկյան ժողովրդի անունից։
«Մեծարգո վարչապետ, ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ։ Միացյալ Նահանգները ողջունում է մեր երկրների սերտ համագործակցությունը և ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին միտված Ձեր կառավարության հանձնառությունը։ Մենք զորավիգ ենք իրավունքի գերակայությունը հարգող կոռուպցիայից զերծ ժողովրդավարական երկրում ապրելու հայ ժողովրդի ցանկությանը, որն արտահայտվեց անցած տարի Հայաստանով մեկ տեղի ունեցած խաղաղ գործողությունների ընթացքում։ Մենք ողջունում ենք Մինսկի խմբի գործընթացի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ու տևական լուծում գտնելու հարցում Ձեր անձնական ներգրավվածությունը»,– նշել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը լիահույս է, որ երկու երկրների միջև արդեն իսկ առկա գործընկերությունն առաջիկա տարիներին նոր թափ կստանա։