ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Անկախության տոնի առթիվ: Այս մասին հայտնում են երկրորդ նախագահի գրասենյակից:
«Մենք չափազանց մեծ գին ենք վճարել Անկախության համար և պետք է փայփայենք այն: Բայց հնարավոր չէ պահպանել Անկախությունն՝ առանց հզոր պետականության: Ես պատիվ եմ ունեցել 10 տարի մեր պետության ղեկավարը լինել և շնորհակալ եմ ճակատագրին՝ երկրիս ծառայելու հնարավորության համար: Այդ տարիներին շատ բան է արվել երկրի անվտանգության ամրապնդման, տնտեսության զարգացման և պետականաշինության գործում»,– գրել է Քոչարյանը։
Նրա խոսքով` արել են հնարավորը, որպեսզի Հայոց պետականության ընկալումը դառնա քաղաքացիների կողմից մեր ազգային ինքնության ընկալման անբաժանելի մասը:
«Հարաբերությունների ամրապնդումը մեր շահերից է բխում». Մեդվեդևը շնորհավորել է Փաշինյանին
«Սակայն այսօր երկիրը կանգնել է տարիներ շարունակ արյամբ և քրտինքով կառուցածը անպատասխանատու կերպով քանդելու վտանգի առաջ: «Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը, ոչնչացվում ավանդական ազգային արժեքները, անհանդուրժողականություն և փոխադարձ ատելություն է սերմանվում։ Ուզում եմ հավատալ, որ երկիրն իր մեջ ուժ կգտնի դիմակայելու վերահաս վտանգին: Որ հասարակությունը պատվով հաղթահարելու է նաև ա՛յս փորձությունը՝ դառնալով ավելի ուժեղ և խոհեմ, ձեռք բերելով սևը սպիտակից, ստախոսին ճշմարտախոսից, անամոթ պոպուլիզմը պատասխանատու քաղաքականությունից տարբերելու այնքան կարևոր փորձառություն»,– նշել է ՀՀ երկրորդ նախագահը:
Քոչարյանը հայրենակիցներին բարեկեցություն, համերաշխություն և խաղաղ երկինք է մաղթել: