ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Վրացական ծագումով ռուսաստանցի երգիչ Սոսո Պավլիաշվիլին գրեթե ամեն ամիս Հայաստան է գալիս ու այստեղ իրեն շատ լավ է զգում: Նա այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Օրերս նա կրկին Հայաստան էր եկել և երեկ հայ երաժիշտներից կազմված Naverey նվագախմբի հետ համերգ տվեց «Mezzo Classic House Club» ակումբում:
«Հայաստանում ամեն քայլափոխի կարող ես դրախտ գտնել երկրի վրա: Հատուկ նախընտրելի վայրեր Հայաստանում չունեմ։ Ուր էլ այցելեմ, ինձ հարազատի պես են ընդունում»,- Sputnik Արմենիային ասաց երգիչը:
Պավլիաշվիլին նշեց, որ իր համար կյանքում ամենակարևորը մարդկային փոխհարաբերություններն են, ընկերները։ Նա գոհ է երևանյան իր հանդիսատեսից, ասում է` իր համերգներին հիանալի մարդիկ են գալիս, որոնք համերգից հետո հարազատ են դառնում:
«Անգամ երբ համերգային ծրագրերով լինում եմ օտար երկրներում և այնտեղ ինձ հայ է հանդիպում, գալիս է, հարազատի պես ողջունում: Այնպես որ մեր կյանքում լավ մարդիկ տրված են մեզ ի վերուստ, և մենք ուղղակի վայելում ենք նրանց ներկայությունը»,-ասաց երգիչը:
Պավլիաշվիլին հայ ընկերներ շատ ունի և համոզված է, որ ընկերությունը կրոն ու ազգ չի ճանաչում:
«Ընկերը նախևառաջ պետք է հավատարիմ լինի, կողքիդ լինի ինչպես ուրախության, այնպես էլ տխրության պահին: Տարեցտարի ավելի ենք սկսում գնահատել մեր լավ ու թանկ ընկերներին: Ես հիասքանչ հայ ընկերներ ունեմ, որոնք ինձ համար ընտանիք են»,-ասաց երգիչն ու հավելեց, որ իր ընկերները Հայաստանի հպարտությունն են, մարդկության հպարտությունը։
Պավլիաշվիլին հիացած է հայ երաժիշտներով։ Շատ ուրախ է, որ համագործակցում է նրանց հետ:
«Նրանք ճաշակ են թելադրում»,- ասաց երգիչը:
Բլյուզը նաև հայ–վրացական է լինում. Պավլիաշվիլին երգում է, Ներսիսյանը` նվագում. տեսանյութ
Naverey նվագախմբի ղեկավար Արտակ Ներսիսյանն էլ Sputnik Արմենիային պատմեց Պավլիաշվիլու հետ ծանոթանալու մասին։
«Ծանոթությունը շատ հետաքրքրիր ստացվեց։ Երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի տարեդարձին նվագում էի, երգիչ Լեոնիդ Ագուտինը` տեսաձայնագրում։ Ավելի ուշ նա տեսագրությունը հրապարակել էր Instagram-ում: Սոսոն դիտել էր այդ տեսանյութը։ Հետո նա կապ հաստատեց ինձ հետ ու առաջարկեց միասին երգ ձայնագրել»,– ասաց նա:
Դրանից հետո Պավլիաշվիլին վստահել է Արտակին Հայաստանում լավ երաժիշտներից կազմված խումբ ստեղծել, որպեսզի համագործակցությունն ավելի լայնամասշտաբ լինի: Երեկ Երևանում կայացած համերգը նրանց համագործակցության վառ օրինակն էր։
Հոկտեմբերի 14-ին և 15–ին Պավլիաշվիլին և Արտակ ներսիսյանը համատեղ համերգ կունենան Պեկինում, իսկ հոկտեմբերի 26-ին` Մոսկվայում։
«Հզոր երաժիշտ է». հայկական խրախճանքը տպավորել է Լեոնիդ Ագուտինին. տեսանյութ