ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում կրակոցներ են հնչել, եղել է դանակահարություն, կան վիրավորներ: Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 17-ին, Էրեբունի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել երկու տղամարդ, որոնց մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածքներ են եղել։
Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ նրանք վնասվածքները ստացել են Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում, որտեղ բազմամարդ միջադեպ է տեղի ունեցել։ Միջադեպը հանգուցալուծվել է կրակոցներով։
Կարճ ժամանակ անց դարձյալ Աղավնատուն գյուղից դանակահարված վիճակում մի տղամարդ էլ տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց։ Չի բացառվում, որ նա ևս նույն միջադեպի ընթացքում է տուժել։ Դեպքի վայրում աշխատել են մեծ թվով փորձաքրեագետներ, ոստիկաններ ու քննիչներ, որոնք պարզում են տեղի ունեցածի հանգամանքները։