ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. «Փաստ» թերթի տեղեկություններով` գործող իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել, որն, ամենայն հավանականությամբ, կիրականացվի մինչև սեպտեմբերի վերջ։ Այդ տեղեկությունների համաձայն, առաջիկայում Մարտի 1-ի գործով, առայժմ որպես վկա, Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության կկանչվի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։
Թերթի՝ ՀՔԾ-ի աղբյուրի փոխանցմամբ՝ չի բացառվում, որ Հովսեփյանի կարգավիճակը ՀՔԾ-ում փոխվի, և նա գործով անցնի որպես մեղադրյալ։
«Ի դեպ, պատահական չէ, որ արդեն իսկ իշխանական որոշ պատգամավորներ հրապարակ են նետում տեսակետներ, թե «Աղվան Հովսեփյանը չի կարող անմասն լինել այս գործընթացից, որովհետև ինքը ոչ միայն գլխավոր դատախազ է եղել, ինքը քաղաքական բնույթի գլխավոր դատախազ և իրականացրել է արդարադատությունը տվյալ պահին իշխանություն ներկայացնող ուժերի քիմքին համահունչ»,–գրում է թերթը:
«Ես 100 տոկոս գիտեի, որ մեղադրանք է առաջադրվելու». Քոչարյանը պատմեց` ինչու է վերադարձել
Նշյալ լուրի իսկությունը ճշտելու համար «Փաստը» դիմել է Հատուկ քննչական ծառայություն, որտեղից ասել են, որ չեն մեկնաբանում այդ տեղեկությունները:
Հիշեցնենք, որ հուլիսի 9–ին տեղեկություն տարածվեց, որ Մարտի 1-ի գործով հարցաքննվել է քննչական կոմիտեի նախկին ղեկավար, նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։