2009–ին մեկնարկած Վեհարանի` Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են։ Այսօր տեղի ունեցավ Վեհարանի բացման արարողությունը։
Վեհարանում այցելուները կարող են տեսնել հազվագյուտ ձեռագրեր, սրահներում յուրահատուկ փորագրություններ, Այվազովսկու և Մինասի բացառիկ նկարները, առաստաղին արված ձեռագիր քարտեզը, կրոնական արժեքավոր ու եզակի նմուշներ։
Լրագրողների հետ զրույցում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն նշեց, որ Վեհարանի դռները բաց են լինելու և յուրաքանչյուրն ազատ ելումուտ է անելու եզակի նմուշներով հարուստ Վեհարանի սրահներ։
Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանի խոսքով` հիմնանորոգվել ու կահավորվել են Վեհարանի բոլոր սրահները, կառուցվել է 650 և ավելի տեղ ունեցող հանդիսությունների սրահ, ինչպես նաև կերտվել է Սրբոց Հայրապետաց մատուռը։ Նա հայտնեց նաև, որ Վեհարանի գրադարանում 1000 ձեռագիր մատյաններ են պահվում։