ԵՐԵՎԱՆ, 18 Սեպտեմբեր — Sputnik. Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով հաղթանակ է տոնել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Լեոնել Դե Լոս Սանթոսի նկատմամբ ու դուրս գալով կիսաեզրափակիչ ապահովել է առնվազն աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:
Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնությունում ներկայացնող ութ բռնցքամարտիկներից միայն Բաչկովին հաջողվեց ապահովել իր տեղը պատվո հարթակին:
Գյումրեցի բռնցքամարտիկը 63կգ քաշային կարգում, Եկատերինբուրգում արդեն երկու հաղթանակ է տոնել: 1/16 եզրափակիչում Բաչկովը առավելության է հասել թաիլանդցի Սոմչայ Վոնգսուվանի, ապա 1/8 եզրափակիչում պարտության մատնել կոլումբիացի Մանուել Վիաֆարայի նկատմամբ:
Բաչկովը բռնցքամարտի Եվրոպայի գործող չեմպիոնն է, ու աշխարհի նախորդ առաջնությունում նա արդեն նվաճել է բրոնզե մեդալ: Բացի Հովհաննես Բաչկովից պատվո պատվանդանին շատ մոտ էին նաև Արթուր Հովհաննիսյանն ու Արման Դարչինյանը: Սակայն քառորդ եզրափակիչում Հովհաննիսյանը զիջեց ղազախ Սակեն Բիբոսինովին, իսկ Դարչինյանը պարտություն կրեց ղազախ մեկ այլ բռնցաքամարտիկի՝ Տուրսինբայ Կուլախմետին:
Բաչկովը սեպտեմբերի 20-ին կիսաեզրափակիչում մրցելու է ամերիկացի Դեյվիս Կեյշոույի հետ։