«Կինոարվեստի մասին ՀՀ օրենքի» նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման, այն ուղարկել են ԱԺ համապատասխան հանձնաժողով, մշակույթի նախարարություն: Այդ մասին Sputnik Արմենիայի «Տետ-ա-տետ» հաղորդաշարի ընթացքում հայտնեց նախագծի հեղինակներից Նարեկ Վան Աշուղաթոյանը։
«Այն հնարավորություն է տվել ներառականության սկզբունքով օրինագծի ստեղծման աշխատանքներում ընդգրկել պրոֆեսիոնալ մասնագիտական փորձաքննություն, այդ թվում՝ ուսումնասիրել ոլորտի միջազգային օրենսդրությունը, անցկացնել ընդգրկուն ֆոկուս-խմբային քննարկումներ, կազմակերպել հանդիպումներ ոլորտի ամենատարբեր ուղղությունների ներկայացուցիչների հետ»,- ասաց նա:
Նրա խոսքով` մշակած հատուկ մեթոդաբանությամբ ուսումնասիրվել է այն երկրների կինոոլորտի օրենսդրությունը, որոնք վերջին տասնամյակների ընթացքում արձանագրել են կինոարտադրության աճ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
«Ուսումնասիրության է ենթարկվել առ այսօր Հայաստանում մշակված օրինագծերի զգալի մասը, որոնք անցած տարիներին մշակել են տարբեր խմբեր, կինոհամայնքի տարբեր ներկայացուցիչներ, անհատ նախաձեռնողներ»,- նշեց Աշուղաթոյան:
Ըստ նրա` աշխատանքային խմբում ընդգրկված փորձագիտական հանրույթի կողմից մշակվել են ստեղծվող օրինագծի հիմնական դրույթները, օրինագծի փիլիսոփայությունը, որն է՝ օրենսդրական կարգավորումների միջոցով նպաստել Հայաստանում կինոարտադրության զարգացմանը, կինոյին ուղղված պետական աջակցությունը ծառայեցնել ոլորտի բարգավաճմանը՝ այն համապատասխանեցնելով Եվրոպական միության չափորոշիչներին»,- ասաց Աշուղաթոյանը:
Նրա խոսքով` մինչև նախագծին «միս ու արյուն տալը» քննարկվել են բոլոր ուղղություններին վերաբերող խնդիրները՝ սցենարից մինչև արտադրություն, հետարտադրություն և վարձույթ, համատեղ արտադրություն և հեղինակային, գույքային իրավունքներ, կինոյի հանրայնացում և կինոթատրոնների քաղաքականություն, մարքեթինգային և փառատոնային խնդիրներ, կինոշուկաներ և այլն:
«Մինչև ստեղծվող օրինագծի առաջին տարբերակի հանրային քննարկման ներկայացնելը տեղի են ունեցել հանդիպումներ բոլոր թիրախային խմբերի հետ՝ փորձագիտական շրջանակներ, կինոոլորտի մասնագետներ, իշխանության գործադիր և օրենսդիր մարմիններ և այլն, որոնց ընթացքում քննարկումների միջոցով վեր են հանվել Հայաստանում կինոոլորտի բոլոր խնդիրներն ու քարտեզագրվել են»,- նշեց Աշուղաթոյանը:
Հայաստանի անկախության շրջանում առաջին անգամ փորձ է արվում ստեղծել կինոարվեստի մասին օրինագիծ:
Նշենք, որ նախագծի մշակման հերթական գաղափարն առաջարկել է «Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը»՝ դեռևս 2019 թվականի հունվարին։ Գաղափարը կյանքի է կոչվել Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Մտահղացումից 8 ամիս անց նախագիծը ներկայացվել է ԱԺ համապատասխան հանձնաժողովի քննարկմանը։