ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրինությունը օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և եվրոպական երկրորդ խաղերի արծաթե մեդալակիր Կարապետ Չալյանին առաջարկում են անվճար սովորել բուհում:
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ մարզիկներն այս տարի կարող են ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան հեռակա ուսուցման:
«Երբ իմացանք, որ մենք արդեն 2 օլիմպիական ուղեգիր ենք նվաճել, անմիջապես մտածեցինք, թե ինչպես կարող ենք մեր լուման ունենալ։ Որոշեցինք գյումրեցի մեր մարզիկներին, որոնք միջազգային ասպարեզներում պատվով են ներկայանում և բարձր են պահում մեր հանրապետության անունը, ընդունել մեր մասնաճյուղի հեռակա ուսուցման երեք՝ Հաշվապահական հաշվառում, Ֆինանսներ և Կառավարում բաժիններում: Թե որ բաժիններում կցանկանան սովորել մեր չեմպիոնները, իրենց ընտրությանն ենք թողնում: Ուսման վարձավճարներն ամբողջությամբ կփոխհատուցի մեր մասնաճյուղը»,- նշեց նա։
Պետրոսյանը տեղեկացրեց, որ առաջարկն անձամբ կներկայացնեն մարզիկներին, երբ նրանք վերադառնան Հայաստան:
«Առաջարկը կներկայացնենք Գյումրիում, իսկ իրենք կորոշեն՝ ընդունեն, թե ոչ»,-նշեց նա:
Գյումրեցի մարզիկները մինչ այս ավարտել են Շիրակի պետական համալսարանի Ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնը: