Արագիլների զանգվածային աղտոտման խնդիրը, մեծ հաշվով, լուծված չէ, թեև աղտոտվելու պատճառներն ու աղբյուրը պարզվել են: Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեցին թռչնաբան Լյուբա Բալյանն ու իր գործընկերները, աղտոտման պատճառը նույն տարածքում գործող ձկնաբուծարանների անպատասխանատու վարմունքն է եղել՝ կոնկրետ յուղ պարունակող արտադրական թափոնները, մշակված ձկների մնացորդները Հրազդանի հուն կամ գետի ճյուղավորման ջրավազաններ նետելը: Կատարվածը, ըստ էության, պարզ է ու ոչ մեկ անգամ արդեն արծարծված: Բայց ի՞նչ է լինելու հետո, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ շուտով ձմեռն է գալու, իսկ աղտոտված արագիլների մեծ մասը, նույնիսկ ոչ բոլոր լվացված արագիլները ի վիճակի կլինեն չվել:
ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը նշեց, որ անկում կլինի և արդեն եղել է:
Հանցագործները հայտնաբերված չեն, իսկ պատկան մարմինները խիստ հապաղում են. Սիլվա Ադամյան
«Որքան մենք հետազոտել ենք բների վրա նստած աղտոտված արագիլների ձագերին ու հիմա ենք հետազոտում, եթե 60 ձագ է եղել, հիմա 30-ն է մնացել: Հովտաշենի արագիլների բախտը բերեց այն առումով, որ իրենք գյուղի տարածքում են բնադրել, ու այդ համայնքի բնակիչները, մանավանդ՝ գյուղապետը, ահազանգից հետո շատ մեծ գործ արեցին, կազմակերպեցին, կերով օգնեցին, լվացին, կամավորներ եկան: Այդ պահին այդ թռչուններին փրկեցին: Բայց այն արագիլները, որ գյուղերից դուրս են բնադրվում, բնակավայրերից համեմատաբար հեռու, նրանց չենք կարողացել հետևել, թե ինչ եղան այդ ձագերը, իրենց ճակատագիրը մեզ համար էլ պարզ չէ»,– ասաց նա։
Նրա երիտասարդ գործընկեր, գիտաշխատող Լևոն Հարությունյանն էլ մեջբերեց բելգիացի գործընկերոջ՝ Օսթենդի կենդանիների վերականգնողական կենտրոնի աշխատակից Իզաբել Ալիշմերի կարծիքը։
«Նա ասաց, որ նույնիսկ այդ լվացված արագիլները ձմռանը գոյատևելու շատ փոքր շանս ունեն, քանի որ իրենց փետուրների կառուցվածքը փոխված է»,– ասաց Հարությունյանը:
Իսկ ի՞նչ կարելի է անել՝ գոնե կենսունակ արագիլների մի մասին փրկելու, ձմեռն անցկացնելու, վերապրելու հարցերում օգնելու համար: Ըստ Հարությունյանի` իդեալական տարբերակն այն կլիներ, որ այդ արագիլներին մասնագետների աջակցությամբ բռնեինք, առանձնացնեինք ինչ-որ տարածք, որտեղ կարողանայինք ձմռանը պահել, կերակրել, հասցնել գոնե մինչև փետրափոխության ժամանակը, ինչից հետո կմեծանային նրանց վերապրելու շանսերը:
Սակայն իրականում երկու խնդիր կա` պետք է տարածք և պետական մոտեցում ու ֆինանսավորում:
Մամիկոն Ղասաբյանի խոսքով` Արզնիում կա համապատասխան տարածք, որը կարող է արագիլների վերականգնողական կենտրոնի վերածվել: Ստացվում է` խնդրի լուծումը կախված է այն բանից, թե որքան արագ և հստակ կընկալեն գործադիր իշխանության ներկայացուցիչները այս պրոբլեմն ու ինչ սրտացավությամբ կմոտենան հարցին:
Ինչ վերաբերում է կատարվածի առանցքային բովանդակությանը, ապա արագիլների աղտոտվելը, ըստ էության, ահազանգ էր, որ բնապահպանական լրջագույն խնդիրներ ունենք:
Արարատյան դաշտի թևավոր բնակիչների տխուր տեսքը թևաթափ է անում. լուսանկարներ
«Սա բնապահպանական խոշոր աղետ է, ուղղակի արագիլների դեպքն այսբերգի երևացող մասն է: Ու խոսքը Հրազդան գետի մասին է, որը մեզ սնուցող գետերից մեկն է: Ամոթալի է, իհարկե, այդ երևույթը: Ու սա խոշոր աղետ է, եթե համապատասխան սուբյեկտները չպատժվեն, թեկուզ վարչական պատասխանատվության կարգով, հաջորդ տարի կարող է կրկնվել նույն իրավիճակը»,- ընդգծեց գիտաշխատող Լյուբա Բալյանը:
Խոսքը ձկնաբուծական տնտեսությունների գործունեությանը, ինչպես ջրերի օգտագործման, այնպես էլ՝ շրջակայքի աղտոտման, այդ առումով տվյալ տնտեսվարողների աշխատանքին խստորեն հետևելու մասին է:
Այս և արագիլների աղտոտման խնդրին վերաբերող այլ մանրամասները` գիտնականների հետ զրույցի տեսանյութում.