ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Լեհաստանի ԱԳՆ-ի Կենտրոնական ապարատը զբաղվում է Արագածում մահացած Պյոտր Բարլոգայի դին հայրենիք տեղափոխելու հարցով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլյակը։
«Դեսպանատան հյուպատոսական բաժանմունքը զբաղվում է ողջ մնացած զբոսաշրջիկի խնդրով։ Մենք անհապաղ Վարշավա տեղեկացրել ենք պատահարի մասին։ ԱԳՆ-ի Կենտրոնական ապարատը քննարկում է մահացած զբոսաշրջիկի հուղարկավորման ու ողջ մնացած աղջկան սատարելու հարցերը», - ասաց դեսպանը։
Հայաստանում գտնվող զբոսաշրջիկ, ազգությամբ լեհ տղան իր նշանածի հետ բարձրացել էր Արագած լեռ։ Մոտ 3500 մետր բարձրության վրա արջը հանկարծակի հարձակվել է նրանց վրա։ Երիտասարդը սկսել է կռիվ տալ կենդանու հետ՝ փրկելով ընկերուհու կյանքը։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին: Ժամը 14:26-ին «911» ծառայությունը Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից ահազանգ է ստացել, որ ինքն ու ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռ, արջը հարձակվել է իրենց վրա։
«Պյոտրը հանկարծ կանգ առավ ու բղավեց». արջի հարձակման մասին պատմում է մահացած տղայի նշանածը
«Ամենայն հավանականությամբ՝ տղամարդն ուզեցել է պաշտպանել կնոջն ու փորձել է քշել արջին», - փոխանցում է լեհական Radio Zet-ը։
Հիշեցնենք՝ Պյոտրն ու Մարգոն մի քանի օր առաջ ավտոստոպով են Հայաստան եկել։ Նրանք ճանապարհորդել են երկրում ու որոշել են նաև Արագած բարձրանալ։