ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ճանաչված ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը շատ կուզեր, որ իր երեխաներն էլ ֆուտբոլիստ դառնային, և նա շատ լավ հիշում է, թե ում էր ուզում նմանվել փոքր տարիքում։ Մովսիսյանն այս և մի քանի այլ հարցերի է պատասխանել Sputnik Արմենիայի թղթակից Գոռ Մարգարյանի հետ կարճ զրույցում։
– Կուզեի՞ք, որ ձեր երեխաներն էլ ֆուտբոլիստ դառնային։
– Միանշանակ։
– Հիմա ի՞նչ երազանք ունեք։
– Կարևորը առողջ լինեմ։ Իմ ամենամեծ ցանկությունն էն ա, որ ես ու իմ ընտանիքը, բոլորն առողջ լինեն, Աստված գիտի` ոնց կլինի։ Կարևորը` առողջություն ունենան։
– Ե՞րբ եք վերջին անգամ ֆուտբոլ խաղացել ոչ ֆուտբոլիստ ընկերների հետ, և ինչպես է ավարտվել խաղը։
– Լավ ա ավարտվել (ծիծաղում է)։ Էս վերջերս եմ խաղացել։
– Սնահավա՞տ եք, որևէ «ծես» անո՞ւմ եք խաղից առաջ։
– Չէ։ Ոչ մի բան։ Միայն աղոթում եմ։
– Ո՞ր տարիքից եք սկսել ֆուտբոլ խաղալ և ո՞ր ֆուտբոլիստին էիք ուզում նմանվել։
– Փոքր տարիքից եմ խաղում։ Ուզում էի նմանվել Թիերի Անրիին (ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և կոնֆեդերացիաների գավաթների հաղթող. խմբ)։
– Իսկ կա որևէ հնարք, որևէ միշտ փորձել եք անել, բայց չի ստացվել։
– Շատ են այդպիսի հնարքները։
Շատ էին նաև հարցերը, բայց Յուրա Մովսիսյանը շտապում էր, խոստացավ մյուս հարցերին ավելի ուշ պատասխանել։ Չհասցրինք հարցնել` ինչո՞վ է հիմա զբաղվում և ի՞նչ է պատրաստվում անել առաջիկայում, շարունակելո՞ւ է ֆուտբոլիստի կարիերան, թե՞ ոչ։
Ինչպես կայացավ Յուրա Մովսիսյանի և Պեպեի հանդիպումը, իսկ Շկտրելը խնդրեց նրա մարզաշապիկը
Հայտնի է, որ նա 2018 թվականին տեղափոխվել էր ամերիկյան «Չիկագո ֆայր», սակայն նույն տարվա նոյեմբերին էլ տեղեկություն տարածվեց, որ լքել է ակումբը։ Մովսիսյանն առայժմ զրկված է խաղերի մասնակցելու հնարավորությունից, քանի որ տրանսֆերային իրավունքները պատկանում են այս թիմին: 2020 թվականի հունվարի 1-ին ավարտվում է պայմանագիրը ամերիկյան թիմի հետ: Միայն դրանից հետո պարզ կլինի, թե որտեղ է շարունակելու կարիերան։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հայաստանում հանդես գալու դիտարկումներ եղել են: Մովսիսյանը բանակցություններ է վարել հայկական երկու ակումբների՝ «Փյունիկի» և «Արարատ -Արմենիայի» հետ, բայց կողմերը վերջնական հայտարարի չեն եկել: Երբ հայ ֆուտբոլիստը դառնա ազատ գործակալ, չի բացառվում, որ հայկական ակումբների ցանկության դեպքում բանակցությունները վերսկսվեն:
Յուրա Մովսիսյանը երկրպագուների հետ երգում է ՀՀ օրհներգը. տեսանյութ, լուսանկարներ