ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 10–13–ը Երևանում անցկացվում է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) ամենամյա համաժողովը։ Դա եզակի կազմակերպություն է, որը միավորում է 132 երկիր։ Նպատակը զինվորականների մասնակցությամբ սպորտային մրցումների միջոցով պետությունների միջև վստահության ու փոխըմբռնման մթնոլորտ ձևավորվելն է։
Հայաստան է ժամանել CISM–ի Եվրոպական բաժնի ղեկավարությունը։ Այստեղ կքննարկեն չինական Ուհանում համաշխարհային խաղերի հետ կապված կազմակերպչական հարցերը։ Այդ ծավալուն մրցաշարին, որն անցկացվելու է այս տարվա հոկտեմբերի 18- 27-ը, մասնակցելու է նաև Հայաստանի բանակային թիմը։ Մոտ 30 հայ զինծառայող մրցելու են այնպիսի մարզաձևերում, ինչպիսիք են ըմբշամարտը, բազկամարտը, լողը, ծանրամարտը, մարմնամարզությունը և այլն։
CISM–ի Եվրոպական բաժնի նախագահ, գնդապետ Դիրկ Շվեդենի (Գերմանիա) կարծիքով` կազմակերպությունը ձգտում է սպորտի միջոցով միավորել ազգերին, այդ թվում՝ նաև հակամարտող։
«Մեզ համար կարևոր է, որ տարբեր երկրների զինծառայողները հանդիպեն ոչ թե մարտի դաշտում, այլև սպորտային հարթակում։ Սրանում է մեր կառույցի փիլիսոփայությունը», –ասաց Շվեդենը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով` մրցաշարի շրջանակում ռինգում հաճախ հանդիպում են Հյուսիսային ու Հարավային Կորեայի, Իրանի ու ԱՄՆ–ի զինծառայողները։ Գերմանացի զինվորականը վստահ է, որ նման մրցաշարերի շնորհիվ թշնամանքի աստիճանը նվազում է։
Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը հիմնադրվել է 1948 թվականին։ Այս պահին այն համարվում է աշխարհի ամենաազդեցիկ սպորտային կազմակերպությունը Միջազգային օլիմպիական կոմիտեից հետո։ Այն 135 անդամ ունի ու կարևորագույն սպորտային միջոցառումների՝ այդ թվում՝ Military World Games և World Military Cup-ի (Համաշխարհային զինվորական խաղեր) կազմակերպիչն է: