ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. «Փյունիկի» նորեկ Արաս Օզբիլիսը խոսել է Հայաստան տեղափոխվելու պատճառների մասին և նշել, որ ուրիշ առաջարկներ էլ է ունեցել` Եվրոպայում, այլ տեղերում, բայց որոշել է հենց Հայաստանում խաղալ։ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հրապարակել է Օզբիլիսի հետ հարցազրույցը։
«Նորմալ չեմ խաղացել վերջին տարիներին, բայց ուրախ եմ, որ այստեղ եմ։ Երկու երեխա ունեմ հիմա և ճիշտ գտա հենց Հայաստան գալ։ Բացի այդ, Հայաստանում ես ավելի շատ խաղաժամանակ կունենամ, ինչը չէր ստացվում վերջին շրջանում»,– ասել է նա։
Նրա խոսքով` նայելով «Փյունիկի» խաղերը` որոշել է այս թիմի հետ շարունակել իր կարիերան։
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը և թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբը օգոստոսին երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Թուրքական ակումբը պարտավորվել է հայ ֆուտբոլիստին որպես փոխհատուցում մաս-մաս վճարել շուրջ 2.25 մլն եվրո:
Նա Մոսկվայի «Սպարտակից» 1.3 մլն եվրոյի դիմաց 2016-ին էր տեղափոխվել «Բեշիքթաշ»: Այնուհետև, վարձակալության հիմունքներով հանդես էր եկել իսպանական «Ռայո Վալեկանոյում», մոլդովական «Շերիֆում» ու հոլանդական «Վիլլեմ II»-ում: