ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի հավաքականը փորձում է ագրեսիվ ֆուտբոլ խաղալ` դեռ այսքանն է ստացվում։ Այս մասին ասաց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը՝ Հայաստան–Իտալիա խաղն ամփոփելով։
Արդեն հայտնել էինք, որ Եվրո 2020–ի առաջնության ընտրական J խմբում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց խմբի առաջատար Իտալիայի ընտրանուց:
«Հայաստան–Իտալիա խաղի ժամանակ մեր հավաքականն առաջին 20 րոպեն ու երկրորդ խաղակեսի 25 րոպեն փորձեց ֆուտբոլ խաղալ, ինչը ստացվեց՝ չնայած պարտությանը։ Տղաները շատ աշխատեցին, շնորհակալ եմ աշխատանքի համար։ Հանդերձասրահում արդեն նրանց էլ ասացի այդ մասին»,–ասաց նա։
Հայաստան-Իտալիա խաղի ֆանտաստիկ մեկնարկը. առաջին գոլը խփեց Ալեքսանդր Կարապետյանը
Մարզչի խոսքով` այժմ իրենք պետք է անեն ամեն ինչ, որպեսզի հայ հավաքականի տղաների ուժերը վերականգնվեն հաջորդ խաղին պատրաստվելու համար։ Ըստ նրա` մեր տղաները պրոֆեսիոնալ են, պետք է որ վերականգնեն իրենց ուժերը։ Իսկ կկարողանան դա անել, թե ոչ` կերևա խաղի ընթացքում։
Հարցին, թե ինչ փոփոխություններ է նկատում Հայաստանի հավաքականի խաղի մեջ, արդյո՞ք կա առաջխաղացում` Գյուլբուդաղյանցը նշեց, որ դժվար է միանգամից փոփոխությունները նկատել։
«Մեր հավաքականը երկու ամիս առաջ է խաղացել, երկու օր են մարզվել ու այսօր նորից խաղացինք։ Ես տեսնում եմ, որ մեր տղաները շատ են աշխատում»,–ասաց նա։
Հիշեցենք, որ այսօր՝ սեպտեմբերի 5–ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Եվրոպայի 2020թ.–ի առաջնության ընտրական փուլում իրենց ուժերը չափեցին Հայաստանի և Իտալիայի ֆուտբոլի հավաքականները։ Հայ երկրպագուները մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ էին սպասում խաղին։ Դրա մասին էր վկայում նաև այն փաստը, որ բոլոր տոմսերը նախապես էին վաճառվել, իսկ «սև շուկայում» 1000 դրամանոց տոմսը կարելի էր ձեռք բերել 10–20 հազար դրամով։
Փաշինյանը ներկա է Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպմանը. լուսանկար
Նշենք, որ Հայաստանի հավաքականի հաջորդ խաղը տեղի կունենա` սեպտեմբերի 8–ին, Բոսնիա–Հերցեգովինայի թիմի հետ։