ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Այն, որ Հայաստան-Իտալիա խաղը մրցող կողմերի համար շատ կարևոր է, երկու կարծիք լինել չի կարող, սակայն, ինչպես պարզվում է, հայ-իտալական ֆուտբոլային մրցակցությունը հետաքրքրում է նաև ՈւԵՖԱ-ի նախագահին:
Ֆուտբոլի Եվրոպական գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը վերջին անգամ Հայաստան էր այցելել 2017 թվականին, երբ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ իրականացրին Վաղարշապատի ֆուտբոլային ակադեմիայի հիմնարկեքի խորհրդանշական արարողությունը:
Անկասկած, նման պաշտոնյայի այցելությունը շատ մեծ նշանակություն ու կարևորություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ՈւԵՖԱ-ի անդամ բոլոր երկրների համար: Ֆուտբոլասերները անհամբերությամբ են սպասում Հայաստան-Իտալիա խաղին, քանի որ ընտրական խմբում Հայաստանի հավաքականը նախորդ երկու խաղերում երկու հաղթանակ է տոնել, իսկ Իտալիայի ընտրանին խմբի առաջատարն է` չորս անընդմեջ հաղթանակներից հետո:
Հայաստան-Իտալիա. սպասված հանդիպում. հայտնի հայերը գուշակում են խաղի հաշիվը
Բնականաբար, ՈւԵՖԱ-ի նախագահի ներկայությունը յուրահատուկ շարմ կհաղորդի ֆուտբոլային հանդիպմանը: Թե ինչպես այն կազդի մրցող թիմերի ֆուտբոլիստների խաղի վրա, պարզ կդառնա խաղի ընթացքում: Եվ հրաշալի կլինի, եթե Հայաստանի հավաքականը նման հզոր մրցակցի հետ խաղում ՈւԵՖԱ-ի նախագահի ներկայությամբ գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելով կարողանա հասնել հաջողության:
Նշենք, որ Հայաստան–Իտալիա հանդիպումը կկայանա այսօր` սեպտեմբերի 5-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղը կսկսվի 20։00-ին։