ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլի 10 մասնակիցներն արդեն ընտրված են: Այս մասին տեղեկանում ենք նախագծի Youtube-յան էջից։
Եզրափակիչ անցած մասնակիցներն են` Անիշոկը, Անի Աթայանը, Անահիտ Առաքելյանը, Վարդան Մարգարյանը, Ռոբերտ Բագրատյանը, Ռոզա Էլոյանը, Էմիլի Հովհաննիսյանը, Անժելա Ալբերտյանը, Նարեկ Մարկոսյանը և Կարինա Իգնատյանը:
Մասնակիցների մրցութային երգերը կհրապարակվեն սեպտեմբերի 03-ից` նախագծի Youtube-յան էջում:
Նրանք կպայքարեն Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» ներկայացնելու համար։ Հաղթողը կորոշվի սեպտեմբերի 15-ին`միջազգային ժյուրիի, երեխաների ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում: Մրցույթի եզրափակիչ փուլը կհեռարձակվի Առաջին ալիքի ուղիղ եթերում։
Նշենք, որ ամիսներ առաջ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի երկրորդ եթերաշրջանի մեկնարկի մասին: Հայաստանի և արտերկրի տասնյակ հայտատուներից ընտրվել են 10-ը։
Հիշեցնենք, որ 17-րդ «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա 2019թ.-ի նոյեմբերի 24-ին՝ Լեհաստանի Գլիվիցե քաղաքում: Այս անգամ մրցույթին կմասնակցի եվրոպական 19 երկիր, իսկ մրցույթը կանցկացվի «Share the Joy» խորագրի ներքո։