Նախարարը նշել էր, որ իր դեմ սկսված արշավի հետևում կանգնած է վերոնշյալ համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և որ նա է իր դեմ ուղղորդել բժիշկ Գևորգ Թամամյանին: «Նախ`ես ներողություն եմ խնդրում, որ ինձ իրավունք եմ վերապահում հորդորել կամ խորհուրդներ տալ առողջապահության նախարարին, պետական պաշտոնյային, բայց, այնուամենայնիվ, ասեմ, որ Արսեն Թորոսյանի խոսքն ապատեղեկատվություն է: Բժիշկ Թամամյանն այնպիսի կայացած մասնագետ է, որ ինքը կարող է և վաստակել է իր սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը: Ի դեպ, պարոն Թամամյանի տեսակետը կիսում են շատ բժիշկներ»,- նշում է Շուշան Դանիելյանը:
Անդրադառնալով Արսեն Թորոսյանի կողմից կոնկրետ Արմեն Մուրադյանի հասցեին հնչեցրած մեղադրանքին՝ Շուշան Դանիելյանը պարզապես շեշտեց, որ նախարարի երևակայական մտքերը չի ցանկանում մեկնաբանել։ Իսկ այն կարծիքը, որ Արմեն Մուրադյանն առողջապահության նախարարության գործունեության հետևանքով վտանգ է տեսնում իր և խնդրո առարկա համալսարանի համար, Շուշան Դանիելյանը նշեց. «Պարոն Թորոսյանը խոսում էր հոգաբարձուների խորհրդի կազմի մասին, որը ձևավորում է կառավարությունը: Եվս մեկ անգամ հորդորում եմ նախարարին լսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը: Վարչապետը մեկ ամիս առաջ նշեց, որ Երևանի պետական բժշկական համալսարանը Հայաստանում միակ ԲՈՒՀ-ն է, որը նա համարում է որպես կրթական համակարգով կայացած հաստատություն: Հորդորում եմ կառավարության անդամին ականջալուր լինել երկրի վարչապետի խոսքերին»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ առողջապահության նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը տապալեց Թորոսյանի ասուլիսը։ Նա դահլիճ մտավ, երբ նախարարը ներկայացնում էր առողջապահության ոլորտի վերջին ամիսների ցուցանիշները։
Թամամյանն ասաց, որ հարցեր ունի նախարարին ուղղելու և չենթարկվեց Թորոսյանի հորդորին՝ անել դա ասուլիսից հետո: Արդյունքում Թորոսյանը հեռացավ` ասուլիսն անավարտ թողնելով: Ավելի ուշ նախարարը Facebook-յան իր էջից ուղիղ եթերի միջոցով հայտնեց, որ այդ շոուի հետևում կանգնած է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: