ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. «Սանիթեք» ընկերությունների տնօրեն Նիկոլաս Էլ Թաուիլի այսօրվա հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկա։
Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Ընկերությունը քաղաքապետարանից այս ընթացքում տուգանքներ է ստացել բացառապես պայմանագրի համաձայն՝ չկատարած կամ թերի կատարած աշխատանքի համար։
«Սանիթեք» ընկերության վերջին ամիսների, մեղմ ասած, թերի աշխատանքի ապացույցները ամեն քայլափոխի են՝ Երևանի փողոցներում ու բակերում»,–ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ այսօր` սեպտեմբերի 2–ին, «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը պայմանավորված է Երևանի քաղաքապետարանի կողմից՝ պայմանագրով սահմանված վճարման պարտավորության խախտմամբ:
Այս պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանը ընդհանուր առմաբ երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 000 000 ՀՀ դրամ գումար՝ խախտելով պայմանագրով սահմանված վճարման ժամկետները»,-նշել է ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլը:Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին «Սանիթեք» ընկերությունը հայտարարել էր, որ աղբահանության ոլորտում ծառայությունների մատուցման վատթարացում է լինելու, քանի որ ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 մլն ՀՀ դրամ:
«Սանիթեքն» ասաց ու արեց. Երևանի վիճակն ավելի է վատացել. իսկ ի՞նչ է անելու քաղաքապետարանը
Սեպտեմբերի 1-ին էլ հայտարարություն տարածեց Երևանի քաղաքապետարանը՝ տեղեկացնելով, որ արդեն չորրորդ օրն է, ինչ «Սանիթեքը» չի կատարում պայմանագրային պարտավորությունները և Երևանում ընդհանրապես աղբահանություն չի իրականացնում: