ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Արցախի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ Նախագահ Բակո Սահակյանին ու արցախցիներին: Ուղերձը հրապարակվել է Facebook–ում։
«28 տարի առաջ մենք կատարեցինք պատմական ընտրություն: Իրականություն դարձնելով մեր ժողովրդի իղձերը՝ մեկ բռունցք դարձած Արցախը Անկախություն հռչակեց և հերոսաբար զենքով պաշտպանեց այն: Ջերմությամբ և հպարտությամբ եմ հիշում այն ժամանակը, երբ հնարավորություն ենք ունեցել միասին աշխատելու և պայքարելու հանուն հաղթանակի և անկախ պետականության կայացման»,– իր ուղերձում գրել է Քոչարյանը:
Նրա խոսքով` այսօր Արցախը կրկին կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ՝ չավարտված պատերազմի պայմաններում: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որ իրենց որոշակի բացասական արտացոլումն են ստանում Արցախում, ինչպես նաև սպասվելիք ընտրական պայքարը չպետք է պառակտեն Ղարաբաղի ժողովրդին: Արցախի ռազմաքաղաքական վերնախավը, ըստ նրա, պետք է առավելագույն ջանքեր գործադրի, որպեսզի ներքաղաքական վայրիվերումները որևէ ազդեցություն չունենան երկրի ռազմական ներուժի, ազգային միասնականության ու հաղթանակի ոգու վրա, որ մշտապես հատուկ է եղել արցախցիներին:
«Վստահ եմ, որ հաղթանակած ժողովուրդն ու իր հերոսները չեն կարող ընկրկել որևէ մեկի, այդ թվում՝ ատելություն սերմանողի, պատմությունը խեղաթյուրողի ու ազգային արժեքների ոչնչացման կործանարար քաղաքականություն վարողի առջև»,–ասում է Քոչարյանը։
Նա ընդգծել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի առանձնահատուկ դերակատարումն Արցախի պետականության ամրապնդման գործում:
Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որի ժամանակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր ընդունվեց։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։