ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Անգլիական «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վարձակալության իրավունքով իտալական «Ռոմայի» խաղացող է դարձել։
Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Հայ ֆուտբոլիստի հետ վարձակալության պայմանագիրը կնքել են մինչ այս մրցաշրջանի վերջ է։ Կիսապաշտպանի համար իտալական ակումբը 3 միլիոն դոլար է վճարել։ Ակնկալվում է, որ խաղացողին գնելու համար 15 միլիոն դոլար կպահանջվի։ «Գայլերի» երկրում Մխիթարյանը ելույթ է ունենալու 77 համարի ներքո։
Որոշ փորձագետների կարծիքով` «Ռոման» կարող է դառնալ Մխիթարյանի կարիերայի գագաթնակետը։
Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 2018 թվականի սկզբից է հանդես գալիս «Արսենալում»։ 30-ամյա հայ ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի», Դորտմունդի «Բորուսիայի», Դոնեցկի «Շախտյորի», «Մետալուրգի», ինչպես նաև Երևանի «Փյունիկի» կազմերում։
Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ էր մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։