ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի-Sputnik. Երևանից Բաթում ուղևորվող միկրոավտոբուսն այս գիշեր ավտովթարի է ենթարկվել: Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր՝ ժամը 02։00-03։00 միջակայքում Երևան-Բաթում ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել են երկու հոգի՝ ՀՀ քաղաքացիներ Գ.Ա. և Մ.Ս.։ Մնացած ուղևորները` նախնական տվյալներով` 17 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ։
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն արդեն գտնվում են հիվանդանոցներում և մշտական կապի մեջ են բժիշկների հետ։ ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի և նրանց Հայաստան տեղափոխելու վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով։
Ինչպես հաղորդում է սոցցանցի օգտատերերից մեկը՝ բախման հետևանքով միկրոավտոբուսը շրջվել է:
Shantnews.am-ի տեղեկություններով` միկրոավտոբուսը բախվել է վրացական պետհամարանիշերով Ֆորդ Տրանզիտ բեռնատարին, որը դուրս էր եկել հանդիպակաց ճանապարհ: Հաղորդվում է, որ ավտովթարի հետևանքով երկու կին տեղում մահացել են: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: