ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Հայաստանը ներկայացնող երգիչ TYOM-ը (Արտյոմ Հակոբյան) «Նոր ալիք» միջազգային մրցույթում զբաղեցրել է իններորդ տեղը՝ 230 միավորով:
TYOM-ը իր Facebook-ի էջում լուսանկար է հրապարակել և խոսել իր տպավորությունների մասին:
«Այսօր Սոչի քաղաքի հրապարակում դրվեց մեր անուններով աստղ, այն ամբողջ կյանքում կմնա այնտեղ` պատմության մեջ: Շատ ուրախ եմ, որ անգամ եթե 30 տարի անց գամ, այն կտեսնեմ ... Ասածս ի՞նչ է, կյանքում մնում են միայն հաճելի հիշողությունները: Վայելեք Ձեր կյանքի յուրաքանչյուր վայրկյանը»,-լուսանկարին կից գրել է երգիչը:
Նշենք, որ «Նոր ալիք» միջազգային մրցույթը հինգերորդ անգամ անցկացվեց Սոչիում:
Այս տարի «Նոր ալիք 2019» մրցույթի հաղթող է դարձել Ալբանիայի 18-ամյա ներկայացուցիչ Ինիս Նեզիրին: Երեք մրցութային օրերի ընթացքում երիտասարդ մասնակիցը աղյուսակի առաջատարն էր` 10 միավորի տարբերությամբ և հաղթանակ է տարել 281 միավորով: Թեև «Նոր ալիքում» հաղթանակը երգչուհու երազանքն է եղել, սակայն այժմ նրա գլխավոր նպատակը մասնակցությունն է «Եվրատեսիլին»:
269 միավորով երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել ռուսական «DAVINCHI» խումբը, երրորդը՝ կուբացի երգչուհի Իլիանա Սանչեզը (259 միավոր):