ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը Facebook-ի իր էջում ամփոփել է «Ֆ91 Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա» խաղից ստացած տպավորությունները: Նա ցավով նշել է, որ այս տարի մեզ չհաջողվեց նվաճել Եվրոպա Լիգայի խմբային փուլի ուղեգիր: Այնուամենայնիվ, «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն այս տարի պատմություն կերտեց` դառնալով առաջին հայկական ակումբը, որը հանդես եկավ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներին, մարզչական անձնակազմին, աշխատակիցներին և իհարկե, «Արարատ-Արմենիայի» երկրպագուներին այս ամբողջ ընթացքում մեր կողքին լինելու համար»,- գրել է նա:
Ակումբի գլխավոր տնօրենը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ակումբի սեփականատեր պարոն Սամվել Կարապետյանին` հայկական ֆուտբոլում իր ներդրման, և ֆուտբոլը հայերիս համար կրկին տոն դարձնելու համար:
«Միասին հասանք այստեղ, եկեք միասին էլ շարունակենք մեր հաղթական և պատմական ուղին և մյուս տարի արդեն իրագործենք բոլորիս բաղձալի երազանքը»,- նշել է նա:
Հիշեցնենք` Եվրոպայի լիգայի խաղարկության «փլեյ օֆ»-ի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» Լյուքսեմբուրգում պարտվեց «Դյուդելանժին» խաղի հիմնական ու լրացուցիչ ժամանակում ՝ 1:2 հաշվով: Դիմակայությունում հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարով, որտեղ ավելի հաջողակ էր մրցակիցը:
Նշենք, որ «Դյուդելանժ»-«Արարատ- Արմենիա» պատասխան հանդիպումը դիտելու համար Լյուքսեմբուրգ են մեկնել թիմի սեփականատեր, ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանը, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»-ի ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը։
Օգոստոսի 22–ի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում «Արարատ Արմենիան» 2:1 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»: