ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Ավելի քան քառորդ դար Արցախը կերտում է իր պայքարի, ազատության և ինքնիշխանության պատմությունը՝ ստեղծելով ու ամրապնդելով պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտները: Այդ ժամանակահատվածի մեկ տասնամյակից ավելին բաժին է ընկնում որպես Արցախի նախագահ Ձեր պաշտոնավարման շրջանին, երբ հայկական աշխարհի պատմական մի հատվածում շարունակել է լիարժեքորեն կայանալ և զարգանալ Արցախի հայկական հանրապետությունը: Այս մասին գրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Բակո Սահակյանի ծննդյան օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում։
«Դուք Ձեր փորձը, հեղինակությունը և բարդ իրավիճակները արժանապատվորեն հանգուցալուծելու հմտություններն ի շահ Արցախի եք ծառայեցրել նաև դրանից առաջ՝ թե արցախյան ազատագրական պայքարի ու պատերազմի, թե տարբեր պետական պաշտոններ զբաղեցնելու տարիներին: Իսկ ժողովրդի վստահության քվեով երկու ժամկետ որպես Արցախի նախագահ պաշտոնավարելը վստահաբար վկայում է, որ Դուք հասել եք հաջողության»,- նշել է նա:
ՀՀ նախագահը Արցախի գործընկերոջը հաջողություն է մաղթել` բոլոր պետական ու ազգային ձեռնարկներում և անձնական կյանքում:
Արմեն Սարգսյանը «սեր է խոստովանել» Գյումրուն. ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել
«Առողջություն ու ամենայն բարիք Ձեզ և Ձեր ընտանիքին»,- նշված է ուղերձում:
Նշենք, որ Բակո Սահակյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Բակո Սահակյանն այսօր նշում է ծննդյան 59-րդ ամյակը։