«Օրենքով գողերին» պատասխանատվության կանչելու օրենսդրական նախաձեռնությունը չի կարող քրեական հեղինակությունների աստիճանակարգը վերացնել, չնայած նախկինում մի քանի նման փորձեր արվել են: Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։
«1948 թվականից հետո այդպիսի մի քանի փորձ արվել է, սակայն ոչինչ չի ստացվել: Հիմնական պատճառն այն է, որ հասարակության ներսում ապրող ոստիկանը նախևառաջ պետք է պաշտպանված լինի: Այսօր մեր ոստիկանները օրենքով պաշտպանված չեն, մինչդեռ քրեական հեղինակություններն իրենց «պաշտպանող օրենքներն ունեն»,- նշեց Եղիազարյանը:
Նրա համոզմամբ`մեզանում պաշտպանված չեն հատկապես այն ոստիկանները, ովքեր փորձառու են և կարող են «օրենքով գողերի» դեմ պայքարել:
«Նշված ոստիկաններն արդեն 50-ն անց մարդիկ են ու պետք է թոշակի գնան, մինչդեռ թոշակառու ոստիկաններն հետագայում հասարակության մեջ ապրելու խնդիր ունեն»,- ասաց նա։
Եղիազարյանի խոսքով` հենց այս հանգամանքով պայմանավորված «օրենքով գողերի» դեմ պայքարն առաջին գծում արդեն իսկ կարելի է ձախողված համարել: