ԵՐԵՎԱՆ, 29 Օգոստոս — Sputnik. Իջևանի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Պարզվել են Իջևանի համայնքապետարանում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին և ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Իջևան համայնքի ղեկավարը, 2011-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2016թ. իր ընկերոջ կնոջը նշանակել է ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրեն։ Նրան թույլատրել է 2017–ի հոկտեմբերի 1-ից մինչև 2018–ի հոկտեմբերի 1-ը աշխատանքի չներկայանալ և չիրականացնել աշխատանքային պարտականությունները, քանի որ վերջինս 2017–ին տեղափոխվել է Երևան:
Արդյունքում ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենը, փաստացի աշխատանքի չներկայանալով և աշխատանքային պարտականությունները չկատարելով, յուրացրել է Իջևանի համայնքապետարանի կողմից նշված ընկերությանը հատկացված դրամական միջոցներից նախատեսված՝ տնօրենի աշխատավարձի խոշոր չափերի գումարը:
Բացի այդ, ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենը, լիազորություն ունենալով ընկերության աշխատակցին աշխատանքից ազատելու, ինչպես նաև՝ իր պարտականությունները չկատարող աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու, ՓԲԸ-ում որպես լրագրող աշխատող անձի կողմից 2016-2018թթ. աշխատանքի չներկայանալու և պարտականությունները չկատարելու պարագայում, հանձնարարել է հաշվարկել և լրագրողին վճարել է նշված ժամանակահատվածի համար սահմանված դրույքաչափերով աշխատավարձի գումարը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իջևան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը: ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ)` յուրացնելը կամ վատնելը: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գեղարքունիքում չարաշահումների դեպքերով հարուցված քրգործերով վերականգնվել է 37 մլն դրամ
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ 2011–ին Վարդան Ղալումյանը ընտրվել էր Իջևան համայքնի ղեկավար։ 2015–ին նա վերընտրվել էր։