ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Վայոց Ձորի Գնդեվազ գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, ևս երկու անձ ձերբակալվել է:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ Գնդեվազ գյուղում մի խումբ անձանց կողմից 57-ամյա տղամարդուն ծեծի ենթարկելու մասին ահազանգը ստացվել էր 2019թ. օգոստոսի 25-ին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2019թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ անձինք Գնդեվազ գյուղի կենտրոնական հատվածում բարձր գոռալով մի քանի անգամ վանկարկել են «Ամուլսարը մերն է, Ամուլսարը հանք չի դառնա» արտահայտությունը: Մոտակայքում գտնվող 57-ամյա տղամարդը դիտողություն է արել՝ պահանջելով գիշերային ժամին չգոռգոռալ ու չխանգարել մարդկանց հանգիստը, որից հետո Ջերմուկ քաղաքի 24-ամյա բնակիչը, ցավագին ընդունելով դիտողությունը, հարձակվել է տղամարդու վրա և հարվածելով վայր գցել նրան:
Այնուհետև իրենց անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, խուլիգանական դրդումներով, Ջերմուկ քաղաքի 24 և 22-ամյա բնակիչները ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան, որից հետո նրանց խուլիգանական գործողություններին են միացել նաև նրանց ընկերները: Լսելով աղմուկի ձայները՝ նրանց է մոտեցել 57-ամյա տղամարդու եղբայրը, որը փորձել է հանդարտեցնել նրանց, որի ընթացքում վայր է ընկել ու աջ ականջի շրջանում ստացել է մարմնական վնասվածք:
«Ամուլսարն առանց հանքի». ակտիվիստները Ջերմուկում վարչապետին վանկարկումներով դիմավորեցին
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Ջերմուկ քաղաքի ևս երկու բնակիչ՝ ծնված 1993 և 1997թթ.–ին:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: