ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում հրդեհը մեկուսացվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Օգոստոսի 26-ին, 07:47-ի դրությամբ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեղազննման արդյունքում Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, հրդեհի և ծխացող նոր օջախներ չեն հայտնաբերվել»,–նշված է հաղորդագրության մեջ:
Դեռ օգոստոսի 23-ին էր Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, հրդեհ բռնկվել։
Կրակի ճանկում հայտնված Հայաստանը` Արտավան, Խոսրով, Նաիրիտ, Բյուրական...
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին 74 փրկարար, Խոսրովի անտառ պետական արգելոցի 50 աշխատակից, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ և համայնքի բնակիչներ: Հրդեհաշիջման գործընթացը կառավարում էր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: