ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. «Մալաթիա մոլում» հրդեհի բռնկման դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը։
Արդեն հայտնել էինք, որ օգոստոսի 24-ին «Մալաթիա մոլում» խոշոր հրդեհ էր բռնկվել։
Ինչպես են ցած նետում ստվարաթղթե արկղերը, որ հրդեհը չտարածվի. տեսանյութ «Մալաթիա մոլից»
«Արտակարգ իրավիճակների նախարարության հակահրդեհային վարչությունում նյութեր են նախապատրաստվում «Մալաթիա մոլում» բռնկված հրդեհի կապակցությամբ։ Նյութերը կուղարկվեն դատախազություն»,–ասաց Զարգարյանը։
Նա հայտնեց, որ դեռ վաղ է հրդեհի պատճառի և վնասի չափի մասին խոսելը, քանի որ դրանք դեռ ուսումնասիրվում են։ Զարգարյանը նշեց, որ պարզվել է` հրդեհը բռնկվել էր Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 145/5 հասցեում գտնվող «Վեգա-Ուորլդ» ՍՊԸ-ի տարածքում:
«Հրդեհի հետևանքով «Վեգա-Ուորլդ» ՍՊԸ-ի շենքի նկուղային հարկում (մոտ 8000 քմ) այրվել են փայտամշակման հաստոցներ, լամինատ, 1-ին հարկում (մոտ 11.000 քմ)` լամինատ, կենցաղային տեխնիկա, կահույք, 2-րդ (մոտ 5000 քմ) և 5-րդ (մոտ 6000 քմ) հարկերում` կահույք»,–ասաց նա։
Զարգարյանը տեղեկացրեց նաև, որ ընդհանուր առմամբ, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է եղել 434 փրկարար։
«Դեռ ժամանակը չի». այրվող «Մալաթիա մոլի» սեփականատերը հրաժարվեց պատասխանել հարցերին. տեսանյութ
Հիշեցնենք, որ «Մալաթիա մոլում» օգոստոսի 24-ին բռնկված հրդեհի հետևանքով 8 մարդ էր տեղափոխվել Երևանի հիվանդանոցներ` 6 մարդ «Աստղիկ», իսկ 2–ը՝ «Արմենիա» ԲԿ։
Բոլոր տուժածները դուրս են գրվել։