ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհը ոչ միայն չի մարել, այլև նոր օջախ է բացվել։
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, նշելով, որ օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ:
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 23:20-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ մարզային փրկարարական վարչության վեց օպերատիվ խումբ և յոթ մարտական հաշվարկ»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։
Հրդեհաշիջման աշխատանքներին միացել են նաև քաղաքացիները, ինչպես նաև անտառտնտեսության 18 աշխատակից:
Հրդեհը ժամը 02:15-ին մեկուսացվել է, սակայն այսօր առավոտյան ժամը 09:50-ին Զորավան գյուղի գերեզմանատնից դեպի Արայի լեռ տանող հատվածում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: