ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում այս պահին միանգամից մի քանի ծրագրով զուգահեռ փողոցաշինական աշխատանքներ են ընթանում: Շատերն արդեն հունի մեջ մտել են, մինչդեռ կան նաև այնպիսի շինարարական կազմակերպություններ, որոնց կատարած աշխատանքները մեղմ ասած «լացելու են»:
Ճանապարհաշինարարական աշխատանքների ներկա վիճակը այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ծրագրերի շարքից ավարտված են 6 փողոցի շինարարական աշխատանքները, ընթացքի մեջ են 3 հրապարակի ընդհանուր 30 հազար քմ երկարությամբ և 6 փողոցների ընդհանուր 9,4 կմ երկարությամբ շինանրարական աշխատանքները:
Նախատեսվում է իրականացնել նաև 33 փողոցի 24 կմ ընդհանուր երկարությամբ շինարարական աշխատանքներ: Համաշխարհային բանկի ծրագրերով շինարարությունն ավարտված փողոցների թիվը 8-ն է, ընթացքի մեջ են 2 հրապարակների ընդհանուր 13 հազար քմ մակերեսով տարածքների շինարարական աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրերի շարքում ընթացքի մեջ են 6 փողոցի ճանապարհաշինական աշխատանքները: Համայնքային բյուջեով իրականացվել է 1 փողոցի շինաշխատանքներ, ընթացքի մեջ են 600 մ երկարությամբ մեկ այլ փողոցի շինարարական աշխատանքները:
«Ժամկետներից շեղումներ կան, բայց շատ դեպքերում դա շինարարի մեղքը չէ. շատ խնդիրներ կան՝ ջրահեռացման համակարգի բացակայությունից, մինչև վերգետնյա կոմունիկացիոն ցանցերը ստորգետնյա դարձնելը, իսկ որակի համար շինարարը «գլխով է պատասխանատու»»,–ասաց Բալասանյանը:
Համայնքապետը խոսել է նաև Մուշ 2/2 թաղամասի հրապարակի կառուցման, ընթացքի ու բացթողումների մասին: «Խայտառակություն է, կատարած աշխատանքները տեսնում ես լացդ գալիս է: Պետք է ավարտեին դեկտեմբերին, հիմա ասում ենք սեպտեմբերին հանձնի՝ չի հանձնում»,-նշեց քաղաքապետը` վստահեցնելով նմանատիպ կազմակերպությունների նկատմամբ տուժ ու տուգանք է կիրառվում:
Բալասանյանի կարծիքով` Գյումրու զբոսաշրջության համար մեծ խթան կհանդիսանա «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցումը։
Ո՞վ կկառուցի Գյումրիի մաքսատունը. ՊԵԿ–ը պարզաբանեց, թե ինչպես է ընտրվել «Մերձմոսկովյանը»
Անդրադառնալով Գյումրիում ներդրումային ծրագրերին` քաղաքապետն առանձնացրեց «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից «Թումո» կենտրոնի կառուցումը և կենտրոնական զբոսայգու բարեկարգումը, որը կավարտվի մինչև տարեվերջ: Հաջորդ տարվանից, կենտրոնը նորոգելու է նաև Գյումրու շուկան, հիմնելու է խոհարարական դպրոց։ Բարեգործական ծրագրերից են նաև Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի կողմից Բարեկամություն այգու վերակառուցումը: