ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. «Հրապարակ» թերթն իր պարբերականում անդրադարձել է Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի դեպքին և գրել, որ շարքային զինծառայողի զորամասից սպաներ են բերման ենթարկվել։
«Մեզ ասացին, որ այն զորամասից, որտեղ ծառայություն է իրականացրել Ղազարյանը, 8 սպա է բերման ենթարկվել ռազմական ոստիկանություն, և քննություն է ընթանում: Շարքային զինծառայողների նկատմամբ ոչ կանոնադրային վերաբերմունքի փաստերն են ստուգվում»,-գրում է թերթը:
Մինչդեռ Քննչական կոմիտեից հաղորդում են, որ Արայիկ Ղազարյանի դեպքով ոչ մի ձերբակալված կամ կալանավորված չկա։
«Չնայած Քննչական կոմիտեից հաղորդում են, որ սահմանախախտ Արայիկ Ղազարյանի դեպքով ոչ մի ձերբակալված կամ կալանավորված չկա, քանի որ «ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 12.08.2019 թ. ժամը 10:30-ի դրությամբ՝ մինչ Ա. Ղազարյանի կողմից մարտական դիրքը թողնելը, գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածներում Ա. Ղազարյանը մարմնական վնասվածքներ չի ունեցել», սակայն մեր աղբյուրներն այլ բան են պնդում»,- եզրափակում է թերթը:
Հիշեցնենք`օգոստոսի 12-ին ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ղազարյանը։