ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Երեկ Զվարթնոց օդանավակայանի մեկնման սրահից շտապօգնության մեքենայով Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն է տեղափոխվել երեք տարեկան մի աղջիկ, որը Բելգիայի Թագավորության քաղաքացի է։
Մեր տեղեկություններով` բուժհաստատությունում ախտորոշվել է, որ երեխայի մարմնի շուրջ հինգ տոկոսը եռման հեղուկով այրված է։
Ըստ լուրերի` մայրն ու երեխան նախքան մեկնելը նստել են օդանավակայանի մեկնման սրահում գտնվող սրճարաններից մեկում։ Այդ սրճարանի մատուցողը եռման թեյը անզգուշաբար թափել է փոքրիկի վրա, ինչի հետևանքով էլ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։
Հիշյալ սրճարանից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ դեպքը տեղի ունեցել, երբ մատուցողը սկուտեղը ձեռքին մոտեցել է նրանց սեղանին։
«Տաք թելը թափվել է ինչպես երեխայի, այնպես էլ մեր աշխատակցի վրա։ Մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք իրավիճակը շտկելու համար, նրանց ցուցաբերել ենք առաջին օգնություն։ Այս պահին երեխայի հետ ամեն ինչ նորմալ է»,–ասաց սրճարանի աշխատակիցը։
Այլ մանրամասներն իրավապահները պարզում են։