ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Դիլիջանի հյուրանոցներից մեկում հայտնված արջի քոթոթն առաջիկայում հնարավոր է վերադառնա անտառ։
Այս մասին Facebook-յան էջում հայտնել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը։
«Մենք իրականացնում ենք Արջերի փրկության ծրագիրը Հայաստանում։ «Internatioanl Animal Rescue»-ի, «Brigitte Bardot foundation»-ի և «Bears in mind»-ի օգնությամբ արդեն իսկ փրկել ենք շուրջ 30 արջի։ Այս պահին պատրաստվում ենք փրկել արջի քոթոթին, որը գտնվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում»,– հայտնում է նա:
Առանց մոր խնամքի մնացած արջի քոթոթը Դիլիջանից տեղափոխվել էր Վայրի կենդանիների փրկարար կենտրոն։
Այստեղ նա կլինի մասնագետների վերահսկողության ներքո, կանցնի վերականգնողական թերապիա և ապագայում հնարավոր է վերադարձվի վայրի բնության գիրկը։ Հայտնում է Խաչատրյանը` հիմնադրամի անունից ևս կեմ անգամ կոչ անելով մարդկանց լինել հոգատար բնության և կենդանական աշխարհի նկատմամբ, չխլել կենդանիների ազատությունը։
Հիշեցնենք` օգոստոսի 1-ին Facebook-ի օգտատեր Դիլիջանի բնակիչ Նարինե Բալդրյանը տեսանյութ ու լուսանկարներ էր հրապարակել` հայտնելով, որ Դիլիջանի հյուրանոցներից մեկում արջի քոթոթ է հայտնվել։ Հյուրանոցի ղեկավարությունը հայտնել էր, որ արջը եկել է գետի կողմից։ Բայց քաղաքացին նկատել էր, որ արջը ակնհայտորեն կապված է հյուրանոցի տիրոջը, իրեն հարազատ է զգում այդ միջավայրում։ Նա զանգահարել է Դիլիջան ազգային պարկ և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։
Քաղաքացու ահազանգով ժամանած պետական կառույցները քոթոթին նախ տեղափոխելու էին Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման համար Դիլիջանում կառուցված կենտրոն, որտեղից էլ` Վայրի կենդանիների փրկարար կենտրոն։