ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Երևանի «Պանորամա Երևան Ռեզորթ» հյուրանոցային համալիրի մոտակայքում բռնկված հրդեհի վայր է մեկնել նաև ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, օգոստոսի 11-ին, ժամը 13:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ Հովսեփյան փողոցում՝ «Պանորամա Երևան Ռեզորթ» հյուրանոցային համալիրի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Ժամը 14:55-ին հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս չորս մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:33-ին: Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և տալիս համապատասխան ցուցումներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: