ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 6-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամարզական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի եզրափակիչ` «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլը: Մասնակիցներն իրականացրել են պայմանական վիրավորների տարհանում մարտադաշտից և ցուցաբերել առաջին բուժօգնություն: Մրցափուլում հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
««Պրոֆեսիոնալ» մրցաձևի բոլոր երեք մրցափուլերի՝ «Կողմնորոշում տեղանքում» «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» և «Բուժօգնության կազմակերպում», արդյունքների ամփոփումից հետո «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջատարը ՀՀ զինված ուժերի թիմն է»,– նշված է հաղորդագրության մեջ:
Երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնության, երրորդ տեղում՝ Ղազախստանի թիմը:
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում ազդարարվել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մեկնարկը:
Հայկական թիմի ելույթը «Ալաբինո» զորավարժարանում. «Տանկային բիաթլոնը» շարունակվում է
«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարին մասնակցում են 36 պետությունների ավելի քան 5000 զինծառայող: Մրցույթներն անցկացվում են 10 պետություններում: Հայաստանի Հանրապետությունում «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում օգոստոսի 3-ից 15-ը կանցկացվի «Խաղաղության մարտիկ» մրցույթը: