ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի-Sputnik. ԱՄՆ Օհայո նահանգում այսօր տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի: Այս մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Նախնական տվյալներով՝ հրաձիգը ևս սպանվել է: Հաղորդվում է ևս 16 վիրավորի մասին:
Հիշեցնենք` սա վերջին օրերին տեղի ունեցած արդեն երկրորդ խոշոր հրաձգությունն է ԱՄՆ-ում:
Նախօրեին հրաձգություն էր տեղի ունեցել Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում, որի հետևանքով զոհվել էր առնվազն 20, վիրավորվել` 26 մարդ: Վիրավորներից շատերի վիճակը գնահատվում է ծանր: Հանցագործը կրակ էր բացել Walmart սուպերմարկետում: Ոստիկանությունը ձերբակալել էր 21-ամյա կասկածյալ Պատրիկ Կրուզիոսին: Մինչ հարձակում գործելը, նա Twitter-ի իր էջում գրառում էր արել՝ նշելով, որ սատարում է մարտ ամսին Նոր Զելանդիայի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչությանը և հայտարարել էր, որ ներգաղթյալների պատճառով տուժում է ԱՄՆ մշակույթն ու տնտեսությունը: