ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ընդհանուր իրավասության դատավոր Դավիթ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը նրա փաստաբան Երվանդ Վարոսյանն անհիմն է համարում։
«Մեղադրանքն անհիմն է, իրեն առաջադրված մեղադրանքը դատավոր Դավիթ Գրիգորյանը չի ընդունում և նշում է, որ դա ուղիղ կապ ունի իր մասնագիտական գործունեության հետ»,- ասաց Վարոսյանը։
Հիշեցնենք, ՀՔԾ–ում Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը։
Մինչ այդ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որում որոշ մանրամասներ էւ ներկայացրել դատավոր Գրիգորյանին առաջադրված մեղադրանքից։
Դավիթ Գրիգորյանին ուզում են պատժել ոչ իշխանահաճո որոշում կայացնելու համար. պաշտպան
Ըստ հաղորդագրության` դատավորը, օրենքով սահմանված 10-օրյա ժամկետը չխախտելու համար, դատարանի շենքում չլինելով, 2018թ. սեպտեմբերի 11-ին իրեն մակագրված բողոքի վերաբերյալ դատական նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմել, ստորագրել և դատական գործին է կցել իրականությանը չհամապատասխանող՝ դատական նիստի արձանագրություն։ Ըստ արձանագրության` 2018թ. սեպտեմբերի 14-ին ժամը 09.30-ին իբրև դատական նիստն անցկացվել է, բայց դիմումատուն, նախաքննության մարմնի և դատախազության ներկայացուցիչները դատական նիստին չեն ներկայացել, և նիստը հետաձգվել է։
Բացի այդ նույն օրը և նույն ժամին մեկ այլ նիստերի դահլիճում դատական նիստ անցկացնելու վերաբերյալ Դավիթ Գրիգորյանի կողմից` նիստերի քարտուղարի օժանդակությամբ, կազմվել է մեկ այլ դատական գործով դատական նիստի կեղծ արձանագրություն:
2019թ. հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ անձնական դրդումներով 3 դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու համար դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ:
2019թ. հուլիսի 27-ի որոշմամբ ԲԴԽ–ն դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն էր տվել: