ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Ադրբեջանը վերջերս վտանգավոր ակտիվություն է ցուցաբերում Հայաստանի սահմանին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Փորձագետի խոսքով` չափազանց մտահոգիչ է, որ Բաքվի գործողությունները ոչ մի արձագանք չեն ստանում միջազգային հանրության ու ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից։ Նա կարծում է, որ այդ պայմաններում Ադրբեջանին զսպելու միակ տարբերակը հայկական ակտիվ դիվանագիտությունն է ու ադրբեջանական կողմի գործողությունները կանխելու հայկական բանակի վճռականությունը։
«Չի կարելի հույսը դնել միջնորդների արձագանքի վրա։ Մենք ինքներս պետք է պատրաստ լինենք կանխել սադրանքները։ Յուրաքանչյուր հայ զինվորի կյանքը թանկ է մեզ համար», – ասում է Սաֆրաստյանը։
Միաժամանակ նա վստահ է, որ իրավիճակն առաջնագծում այս պահին ամբողջովին վերահսկվում է։ Ինչ-որ պահի Բաքուն կարող է զանգվածային էսկալացիայի դիմել, իսկ ներկայիս լարվածությունը վերահսկելի է։
Խոսելով Ստեփանակերտի` բանակցությունների սեղան վերադառնալու մասին` Սաֆրաստյանը նշեց, որ այդ սցենարն ամբողջովին կփոխի իրավիճակը։ Այդ խնդրի լուծումը քրտնաջան աշխատանք է պահանջում։ Հասկանալի է, որ Ադրբեջանը համաձայն չէ, որ Արցախը բանակցությունների սեղան վերադառնա, բայց դա խնդիրն իսկապես լուծելու միակ տարբերակն է։
Ադրբեջանի սադրիչ խախտումները հակասում են ստանձնած պարտավորություններին. ԱԳՆ խոսնակ
Անդրադառնալով Արցախին ցուցաբերած ամերիկյան օգնության կրճատման թեմային` Սաֆրաստյանը նշեց, որ նման հարցերը լուծվում են ԱՄՆ–ի քաղաքական կուլիսներում։ Դժվար է ասել` ինչով է պայմանավորված ԱՄՆ կառավարության նման որոշումը, այդ հարցի շուրջ ինչ-որ ներքին վեճեր են ընթանում։ ՄԻ բան ակնհայտն է` այս փուլում դեռ վաղ է աշխարհաքաղաքական վերլուծություններ անել։
Հիշեցնենք, որ հուլիսի 27–ին ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, վիրավորվել էր մարտական հերթապահություն իրականացնող մի զինծառայող։ Հուլիսի 28–ին ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել էր ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։ Այսօր հայտնի դարձավ, որ վիրավորվել է ևս մեկ պայմանագրային զինծառայող` 33–ամյա Վլադիմիր Օսիպյանը։