ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2020 թվականի հունվարի 15-ից կարգելի ոչ սպանդանոցներում սպանված կենդանիների մսի վաճառքը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
«Մենք ժամանակ ենք տալիս, որպեսզի ներդրողները հասցնեն սպանդանոցներ կառուցել և գործունեություն ծավալել, դրանից հետո միսը վաճառքի պիտի հանվի բացառապես այդտեղից», – ընդգծեց նա։
Ավետիսյանի խոսքով` պետական մարմինը փորձում է լուծել շուկաների հակասանիտարական վիճակը։ Տեսչական մարմնին հաջողվել է մաքրել Գյումրու շուկայի «Լաչինի միջանքը», աշխատանքներ են տարվում նաև Արթիկի և Երևանի շուկաներում, սակայն մշտական վերահսկողության անհրաժեշտությունը շարունակում է արդիական մնալ։
«Բոլորը բողոքում են մսի տեղափոխման պայմաններից։ Սպանդանոցները կլուծեն այդ խնդիրը, քանի որ կսահմանվեն տեղափոխման պայմանները։ Միևնույն ժամանակ մսամթերքի վաճառքի օբյեկտների մոնիթորինգը կշարունակվի», – նշեց Ավետիսյանը։
Տեսչական մարմնի ղեկավարը նաև հայտնեց, որ օգոստոսի 1-ից խոշոր ռեստորաններում և հասարակական սննդի կետերում մեծածավալ ստուգումներ կանցկացվեն։ Ստուգելու են` որտեղից են ստանում միսը` սպանդանոցից, թե ոչ։
Տհաճ հոտով միս և թերի սննդամթերք. Գավառի մանկատանը թերություններ են հայտնաբերել
Նշենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արդեն մի շարք ստուգումներ է իրականացրել Երևանի և Գյումրու շուկաներում։ Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը սարսափել էր, երբ տեսել էր Գյումրիում մսամթերքի, ինչպես նաև ձկան և պանրի պահպանման պայմանները։ Երևանյան շուկայում իրավիճակը համեմատաբար լավ էր։ Պաշտոնյան խոստացել է, որ նման տեսչական այցեր և ստուգումներ կանցկացվեն նաև այլ մարզերում։
Նոր ստուգումներ Գյումրիում. մսի վաճառքով զբաղվողներին զգոն են պահում. լուսանկարներ