Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Օզթյուրք Յըլմազի այն հայտարարությանը, ըստ որի՝ եթե Թուրքիան գործարկի Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային համակարգերը, ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Ռուբեն Մելքոնյանի համոզմամբ՝ S-400-ների վաճառքը ոչ միայն ռազմական, այլև քաղաքական, քարոզչական նշանակություն ունի, և այդ հարցը Թուրքիան տեղավորում է նաև իր քաղաքական ինքնության և ընդհանրապես ԱՄՆ-ի հետ հարաբերությունների փոփոխության մարտավարության ծիրում, այսիքն՝ դա նաև ապացույց է, որ սա այլևս անցյալ դարի կեսերի Թուրքիան չէ, որը մեծապես կախված էր ԱՄՆ-ից, այլ փոփոխված քաղաքական իմիջով և քաղաքական կշռով Թուրքիա է: Եվ եթե այս վաճառքը նաև քաղաքական ու քարոզչական բաղադրիչ ունի, ապա բնական է, որ կողմերը կարող են օգտագործել այդ բաղադրիչին հարիր տարրեր:
«Եվ բնական է, որ ԱՄՆ-ի հակաքայլերից մեկը կարող է լինել Հայոց ցեղասպանության խնդրի արծարծումը: Այնուամենայնիվ, պետք է հասկանանք, որ սա նույնպես անկեղծ ու բարոյական չէ, քանի որ ցեղասպանության հարցը վաղուց արդեն դարձել է քաղաքական առևտրի առարկա: Եվ եթե ժողովրդավարության սիմվոլ հանդիսացող ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանության խնդիրը պետք է բարձրաձայնի միայն S-400-ների վաճառքից հետո, ապա այստեղ ակնհայտ է դառնում, որ դա ոչ թե իր հավատարմության դրսևորումն է ժողովրդավարական սկզբունքներին, այլ պարզ քաղաքական առևտրի պարզունակ տարր է», -նշում է թուրքագետը:
Մելքոնյանը կարծում է, որ թուրք պատգամավորի խոսքում դրսևորվել է թուրքական կոնտեքստներից, վախերից մեկը. յուրաքանչյուր միջազգային պրոցեսի տակ նրանք փորձում են տեսնել իրենց գործած հանցանքի մասին բարձրաձայնում: Խոսքը Հայոց ցեղասպանության մասին է: Այստեղ տեսնում ենք այդ երկու խնդիրների ի հայտ գալը, այսինքն՝ մի կողմից թուրքական հավաքական բարդույթը, մյուս կողմից` S-400-ների առաջ բերած քաղաքական ու քարոզչական բաղադրիչները:
«Միգուցե նրա ռեսուրսները լիովին բավարար չեն գերտերությունների միջև մանևրելու համար, բայց նա ունի նման նպատակ և մտածելակերպ՝ մանևրելու ոչ թե որպես փոքր երկիր, այլ որպես երրորդ` արևելյան գերտերություն: Կարծում եմ, որ Թուրքիայի ներկայիս վերնախավի, կոնկրետ` նախագահ Էրդողանի պարագայում կարող ենք ակնկալել, որ Թուրքիան կգնա մինչև վերջ՝ փորձելով մանևրել և այս ռիսկային խաղում, այնուամենայնիվ, հաղթել և նվաճել ևս մեկ իմիջային բարձունք»,- համոզված է Ռուբեն Մելքոնյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, այնուամենայնիվ, տարածաշրջանում տեղի ունեցող տարբեր պրոցեսներ ուղղակի և անուղղակի վերաբերում են Հայաստանին, բայց վերաբերվելու հանգամանքն, ըստ թուրքագետի, միշտ չէ, որ բացասական է: Մենք պետք է գիտակցենք, որ խաղացողներից մեկը մեր ռազմավարական դաշնակիցն է, որն ունի իր մեծ ծրագրերն ու նպատակները, մյուս կողմից` մեզ համար ոչ բարեկամ և մեզ էմբարգոյի ենթարկած պետությունն է:
«Այս համատեքստում մենք պետք է փորձենք մեր անձնականն առաջ մղել` առաջնորդվելով չինական հայտնի ասացվածքով՝ «փոթորիկների ժամանակ հողմաղացների աշխատանքն է շահում»: Մենք պետք է փորձենք ռուս-թուրքական մերձեցումից ինչ-որ դրական բաղադրիչներ ակնկալել նաև մեզ համար, այլ ոչ թե առաջնորդվել կարծրատիպերով, Լենին-Աթաթուրք հարաբերությունների առաջացրած կոմպլեքսներով ու սինդրոմներով, այլ փորձել ավելի ճկուն լինել ու դասեր քաղել Լենինի ու Աթաթուրքի ժամանակներում մեր թույլ տված սխալներից»,- նշում է Ռուբեն Մելքոնյանը:
«Ոչնչացնելու մտադրություն». ցեղասպանության մասին ֆիլմն առաջադրվել է «Էմմի» մրցանակի