ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայաստանի ԶՈւ–ն համարժեք պատասխան է տվել հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանի կողմից հրահրված գործողություններին, որի հետևանքով հայկական կորուստ ունեցավ։ Այս մասին այսօր ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
«Որոշակի լարվածություն նկատվել է անցած շաբաթվա ընթացքում. ցավոք սրտի ունեցանք զոհ և վիրավոր ունենք։ Կարող եմ ասել, որ համարժեք պատասխան տրվել է հակառակորդին»,- ասաց նա։
Զոհված զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել, փոխնախարարը այդ մասին մանրամասներ չհայտնեց։
Sputnik Արմենիայի հարցին, թե ինչով է պայմանավորված ադրբեջանական կողմի ակտիվությունը, Բալայանը նշեց, որ երկու կողմն էլ ինժեներական աշխատանք են իրականացնում, դիրքերն են ամրապնդում։
Հայաստանում զոհված զինծառայողը 1.5 տարի առաջ էր ՌԴ–ից վերադարձել. մանրամասներ
«Մենք կասեցնում ենք ցանկացած առաջխաղացման փորձ, կամ այնպիսի ինժեներական աշխատանքներ ենք կատարում, որը հնարավորություն է ստեղծելու թեկուզ հետագայում առավելություն ձեռք բերել մեր մարտական հենակետերի, մարտական դիրքերի նկատմամբ։ Որոշակի առումով այդ լարվածության պատճառը նաև դա է», – ասաց Բալայանը։
Միաժամանակ նա կոչ արեց փորձագետներին ու լրագրողներին առաջնագծում տիրող իրավիճակի մասին տեղեկությունները ստուգել, հատկապես, եթե դրանց սկզբնաղբյուրը պաշտոնական չէ։
Վիրավոր զինծառայողը վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում. նրան Երևան են տեղափոխում
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։