ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Եվրոպայի լիգայի խաղարկությունում «Փյունիկը» երկրորդ անընդմեջ հանդիպումն անցկացրեց Գյումրիում:
«Փյունիկի» համար խաղը շատ լավ մեկնարկեց: Վեցերորդ րոպեին Էրիկ Վարդանյանը գնդակին տիրեց ու արագացումով անցավ երկու ֆուտբոլիստի, փոխանցում կատարեց Արթուր Միրանյանին, իսկ վերջինս գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը:
«Փյունիկը» շատ գրագետ ու տպավորիչ էր խաղում: Ֆուտբոլիստների տեղաշարժերը շատ լավ հստակեցված էին, ու մրցակիցը չէր հասցնում հասկանալ, թե որ ֆուտբոլիստը որ եզրով է գրոհելու: Այսպես խճճելով մրցակցին՝ մերոնք շատ շուտով հասան նոր հաջողության:
Արտյոմ Սիմոնյանը հարձակման աջ եզրով ճեղքեց մրցակցի պաշտպանությունն ու գնդակը կախեց դարպասային հրապարակ: Իսկ այստեղ Արթուր Միրանյանն իր շանսը բաց չթողեց. գլխի հարված՝ և 2:0:
Առաջին կեսի վերջին վայրկյաններին «Փյունիկը» կարող էր և երրորդ գնդակը խփել, բայց վերջին փոխանցումը նպատակին չհասավ:
Երկրորդ խաղակեսում նախաձեռնությունն անցավ չեխերին: Ճնշում գործադրելով, մրցակիցը հանդիպման 52-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը Մարտին Դոլեժալի հարվածից հետո:
Ինչ-որ տեղ հյուրերը հասան իրենց նպատակին՝ գոլի հեղինակ դառնալով մրցակցի հարկի տակ անցկացված խաղում: «Յաբլոնեցը» շարունակում էր վտանգավոր գրոհել, բայց 2:1 հաշիվը հօգուտ «Փյունիկի»՝ մնաց անփոփոխ:
Պատասխան հանդիպումը կայանալու է մեկ շաբաթ անց, Չեխիայում:
Մակեդոնիայում հայկական օր է. «Ալաշկերտի» հաղթանակից հետո հաղթեց նաև «Փյունիկը»