ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Անկարայում հրազենային վնասվածքներ է ստացել Թուրքիայում Բելառուսի դեսպանության խորհրդական Ալեքսանդր Պոգանշևը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով դեսպանատան աղբյուրին։
Նշվում է, որ նա հրազենային 4 վնասվածք է ստացել այն պահին, երբ որդու հետ քայլել է այգում։ Երեխան չի տուժել։
Այժմ դիվանագետը ծանր վիճակում է։ Նրան արդեն վիրահատել են։
Բելառուսի արտգործնախարարության մամուլի քարտուղար ԱՆատոլի Գլազի տվյալով` կրակողը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է եղել։
«Կրակողը վերադարձել է տուն ու ինքնասպանություն գործել»,– ասել է նա։
ԶԼՄ–ները հայտնում են, որ դիվանագետի վրա հարձակվել է նրա հարևանը, իսկ ագրեսիայի պատճառը եղել է կենցաղային վեճը։
Թուրքական ոստիկանությունը հետաքննությունն է սկսել։
Հիշեցնենք` 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ զինված տղամարդը կրակել էր Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի վրա: Կառլովին ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց: Ավելի ուշ նա մահացել էր: Կրակոցներ արձակած տղամարդը սպանվել էր: